Օդի աղտոտվածության ազդեցությունը կարող է աուտիստ երեխաների հոսպիտալացման հանգեցնել 

22 սեպտեմբերի, 2022  12:42

Աուտիստ երեխաների շրջանում հոսպիտալացման ռիսկն ավելի մեծ է, եթե նրանք համեմատաբար կարճ ժամանակով են օդի աղտոտվածության  ենթարկվում, ընդ որում, տղաներն ավելի շատ են վտանգված, քան աղջիկները, նշվում է BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտողները նշում են, որ օդի աղտոտվածության ազդեցությունն այդ երեխաների վրա նվազագույնի հասցնելու համար  հարկավոր է կանխել նրանց հոսպիտալացումն այնպիսի պատճառներով, ինչպիսիք են հիպերակտիվությունը, ագրեսիան կամ ինքնավնասումը:

Աուտիստիկ սպեկտրի խանգարումը (ASD) նյարդային զարգացման խանգարում է՝ տարբեր ախտանիշներով եւ ծանրությամբ: Այն հաճախ ուղեկցվում է նյարդային եւ համակարգային բորբոքմամբ, ուստի դեղամիջոցները, հավելումները եւ սննդակարգը կարող են բարելավել հիմնական ախտանիշները:

Հետազոտողները ցանկանում էին պարզել՝ արդյո՞ք օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունը կարող է վտանգ ներկայացնել դպրոցահասակ երեխաների մոտ աուտիզմի ախտանիշների սրման համար, քանի որ երեխայի զարգացող նյարդային համակարգն ավելի ընկալունակ է շրջակա միջավայրի գրգռիչների նկատմամբ, քան մեծահասակների մոտ:

Նրանք օգտագործել են 2011-ից 2015 թթ 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում աուտիզմի հետ կապված ամենօրյա հոսպիտալացումների տվյալները:

Հետազոտողները նաեւ տեղեկատվություն են հավաքել Կորեայի Հանրապետության 16 շրջաններից յուրաքանչյուրում մինչեւ վեց օրվա ընթացքում մանր մասնիկների (PM2.5), ազոտի երկօքսիդի (NO2) եւ օզոնի (O3) ազգային օրական մակարդակների վերաբերյալ:

Գիտնականները նշում են, որ սա առաջին հետազոտությունն է, որն ուղղակիորեն գնահատում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունն աուտիզմի հետ կապված առողջության վիճակի վրա, եւ որ հաշվի են առնվել 5-ից 14 տարեկան կորեացի երեխաների՝ աուտիզմի հետ կապված հոսպիտալացման բոլոր դեպքերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում